Այսօրվանից սկսած մարզային երթուղայինները Երևանում այլ կանգառներ ունեն: Դվինից և Արտաշատից մայրաքաղաք եկող երթուղայինները կանգառում են Գործարանային մետրոյի հարևանությամբ, իսկ Գյումրիից Երևան եկողները՝ Սասունցի Դավիթ մետրոյի կայարանի հարևանությամբ: Այս փաստն առաջացրել է երթուղայիններից հաճախ օգտվող մարդկանց դժգոհությունը:
Epress.am-ի հետ զրույցում Արտաշատի բնակիչներից Արթուրը բողոքել է, որ կանգառի փոփոխությունը վատ է այն առումով, որ մարդիկ կենտրոն հասնելու համար պետք է քաղաքային տրանսպորտից օգտվեն:
«Ընդհանրապես հարմար չի, որովհետև իմ սաղ գործերը կենտրոնում են, ու ես հիմա պիտի մի հատ էլ փող տամ, որ գնամ կենտրոն: Ինձ թվում ա՝ էս նրա համար են արել, որ մետրոյից շատ մարդ օգտվի», – ասել է նա:
Արտաշատի այլ բնակիչներ էլ ասել են, որ կանգառի տեղափոխությունն անհարմար է հատկապես ուսանողների համար:
«Մանկավարժականում կամ այլ բուհերում սովորող մարզի ուսանողները 200 դրամ տուժում են, իսկ էդ նրանց համար զգալի գումար ա: Մետրոն էլ թանկացավ, դրա համար էլ արեցին, որ մարդիկ օգտվեն դրանից»,- ասում էին նրանք:
«Ահահվոր ա, էդքան պերեսադկայով գնալ-գալն ահավոր ա: Գումարի հարցը չի, առաջին հերթին էրեխեքը, որ դասի են գնում, էնտեղից՝ Ռոսիայից («Այրարատ» կինոթատրոն – Epress.am) որ իջան, երկու քայլ ա մինչև ինստիտուտներ: Ահավոր ա, ով ա որոշել, էդ դեբիլն ով ա, ես չգիտեմ: Էդ մետրոյի փող աշխատելու նպատակ ա»,-մեզ հետ զրույցում բողոքում էին Դվինի ուղևորները:
Նշենք, որ մեր թղթակցի՝ կանգառներում գտնված ժամանակ բազմաթիվ մարդիկ մոլորված գալիս էին և հարցնում, թե որ երթուղայինը որտեղից է գնում, և բողոքում էին, որ երկար ժամանակ չեն կարողնաում գտնել կանգառները:
Գյումրի մեկնող բնակիչները ևս իրենց բողոքն էին հայտնում կանգառների տեղափոխման որոշման դեմ:
«Մենք շատ գիտենք` ինչի համար են անում, մթոմ ուզում են քաղաքը թեթևացնեն, առանց էդ էլ ծանր վիճակ ա ժողովրդի մոտ, մի հատ էլ ավել փող պիտի ծախսեն, որ գնան կենտրոն»,- ասում էին նրանք:
Կանգառի փոփոխությունից նաև բողոքում էին երթուղայինների վարորդները և ասում, որ ուղևորներն էլ իրենց են մեղադրում:
«Շատ վատ է էստեղ, շատ վատ: Ժողովուրդն էնտեղ էր սովոր, էնտեղ քաղաքի կենտրոն էր, իսկ հիմա կենտրոն հասնելու համար պիտի տաքսի վարձեն, կամ մարշրուտկա նստեն: Նրբություններ շատ կան: Ըսիգ խոմ փողոցային առևտուր չէ՞, որ ուզում են քաղաքը մաքրել, բայց էսի ի՞նչ կապ ունի: Ում մտքով ինչ անցնի, առավոտ կզարթնին, որոշում կընդունեն: Յանի ուզում են քաղաքի կենտրոնը դատարկել, քաղաքը միշտ էլ պրոպկա է, էդ ինչքան էլ ուզեն, չեն կարա կառավարեն, մարզի երթուղայի՞նն է խանգարում»,- մեզ հետ զրույցում ասել էր Գյումրու երթուղայիններից մեկի վարորդ Հովիկը: