Երևանի քաղաքապետարանը բացատրել է քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիների կայանատեղիները փոփոխելու պատճառները: Ըստ քաղաքապետարանի` նման քայլը կոչված է տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը:
Քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։
Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցների համար (այդ թվում նաև նրանց, որոնք նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ էին կայանում) որպես վերջնականգառ առաջարկվում է Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000 քառ. մետր երթակարգավարական տարածքը։
Նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջրկվում է Կենտրոնական ավտոկայանը։
Առաջարկվում է, որ Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնեն կենտրոնական ավտոկայանից։
Մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվել է հյուսիսային ավտոկայանը։