Հուլիսի 13-ին ԱՄՆ կոնգրեսում լսումներ են անցկացվել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնակատարի թեկնածության վերաբերյալ: ԱՄՆ նախագահի առաջարկով այս պաշոտնը պետք է ստանձնի Ջոն Հեֆերնը: Ելույթ ունենալով Կոմիտեի առջև` Հեֆերնը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում իրենց երկիրը ներկայացնելու նպատակով ԱՄՆ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն: «Ուրախ եմ, որ այսօր կինս, և երեխաներս իմ կողքին են: Մենք պատրաստ ենք կրկին ծառայելու մեր երկրին դրսում»,- նշել է դիվանագետը:
«Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կշարունակեմ իմ նախորդների կատարած աշխատանքը` Հայաստանի հետ մեր փոխադարձ հարաբերությունները բոլոր ուղղություններով, մասնավորապես, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտներում զարգացնելու ուղղությամբ»:
Դիվանագետն իր ելույթում կարևորել է ԱՄՆ-ի դերը Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման հարցում և ընդգծել առկա դրական տեղաշարժերը` վկայակոչելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկված քաղաքացիներին վերջերս շնորհված համաներման փաստը: Նա նաև նշել է, որ առաջիկայում Հայաստանում մի շարք քաղաքական իրադարձություններ են սպասվում` խորհրդարանական և նախագահական ընտրություններ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված բանակցություններ, ինչը վկայում է այն մասին, որ ինքը` որպես ԱՄՆ-ի դեսպան, շատ գործ ունի կատարելու և այդ պաշտոնը զբաղեցնելու դեպքում կշարունակի իր նախորդի` Մարի Յովանովիչի ջանքերն այս ուղղություններով:
Դիվանագետն անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության հարցին` նշելով, որ Օսմանյան կայսրության օրոք 20-րդ դարում տեղի ունեցած հայերի սպանդը արդեն իսկ դատապարտվել է նախագահ Օբամայի կողմից և բնորոշվել որպես անցյալ դարի ամենադաժան ջարդերից մեկը, բացի դա, հիեցրել է, որ Սպիտակ Տան ղեկավարը կոչ է արել երկու կողմերին պատմության այդ ցավալի էջերը բացահայտել և արդարացի ճանաչման հասնել: Հեֆերնը հայտարարել է, որ ինքն անելու է ամեն հնարավորը` ԱՄՆ նախագահի տեսակետները կյանքի կոչելու համար: