Ադրբեջանի ղեկավարներն իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջև, կարելի է ասել՝ ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են: Այս մասին Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում կայացած իր ելույթում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով` եթե փաստերը խեղաթյուրելով` նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միաջզգային հանրության հետ՝ ուղղակի անհնար է:
«Ասել, որ 2004 թ. հայտնվեց «պրահյան գործընթացը», և չասել, թե ինչու այն հայտնվեց:
Իսկ այն հայտնվեց, քանի որ նախորդ՝ փարիզյան գործընթացը, որն եզրափակվել էր քիվեսթյան փաստաթղթով, վերջին պահին մերժվեց, փաստորեն, տապալվեց Ադրբեջանի կողմից: Ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007թ. նոյեմբերին, կազմված էին միայն մի քանի պարբերությունից եւ կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007թ. Մադրիդում ներկայացված փաստաթուղթը՝ կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպես և տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաեւ, որ 2007 թ. նոյեմբերից հետո շուրջ մեկ տարի, Բաքուն հրապարակայնորեն պնդում էին, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում», – ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով` 2007թ. նոյեմբերից 2011թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ: Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչև վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել:
«Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել՝ այն էլ որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում:
Դա կրկնվեց նաեւ վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում:
Շեշտում են, թե 2009 թ. դեկտեմբերյան տարբերակը ներկայացված էր երեք համանախագահների կողմից և ձևացնել, որ բոլոր հաջորդ տարբերակները ներկայացվել են միայն մեկ համանախագահի կողմից: Դա առաջին անգամ չէ, որ նման ակնարկ է արվում: Դժվար է բառեր գտնել՝ բնութագրելու, թե ինչպես է դա կոչվում: Կարելի է հիշեցնել, որ համանախագահները, ինչպես նաեւ համանախագահ երկրների ղեկավարները լիակատար աջակցություն են հայտնել եւ հայտնում ՌԴ ղեկավարության ջանքերին: Բավական է ընթերցել Դովիլյան հայատարարությունը:
Իմիջիայլոց, Դովիլյան հայտարարության մասին: Ինչի՞ մասին է խոսվում: Առաջին հերթին, ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովալով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Չեմ կարծում, որ նման պատասխանի համար, կարելի է գլուխ շոյել:
Դովիլյան հայտարարության եւս մեկ կարեւոր դրույթ: Այն հասցեագրված է հակամարտության բոլոր կողմերին, եւ դրա մասին ասվում է ոչ մեկ անգամ: Ինչո՞ւ: Քանի որ ակնհայտ է, որ առանց ԼՂ կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:
Լավ է, որ Բաքուն ուշադրություն դարձրեց դովիլյան հայտարարության մեջ Հելսինկիի եզրափակիչ ակտին արված հղմանը, ըստ որի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց: Իհարկե, նաեւ հենց այդ պատճառով է, որ Եզրափակիչ ակտի ընդունումից հետո, շուրջ երեսուն նոր պետություն է ստեղծվել եւ հիմնականում հենց իրենց ճակատագիրը տնօրինելու, ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացման շնորհիվ:
Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրափակիչ ակտում պարզապես չկա:
Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս եւ չեն բարեհաճում կարդալ մինչև վերջ, կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է:
Իհարկե, կարեւոր է նաեւ, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է, ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար, հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարեւոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա ԼՂ բնակչության իրավունքն է` որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», – հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:
Արձագանքելով վերջերս Բաքվից հնչեցրած Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ խեղաթյուրմանը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնվել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է “status quo plus”, այսինքն այն ամենն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում:
Ադրբեջանի ղեկավարության կողմից մադրիդյան սկզբունքների մեկնաբանության մեջ ոչ ոք կարիք չի տեսնում: Սկզբունքներն ու տարրերը ներկայացված եւ մեկնաբանված են համանախագահ պետությունների ղեկավարների կողմից: Նույն սկզբունքների, նույն տարրերի վրա են հղում անում եռանախագահող երկրների ղեկավարները 2009թ. հունիսին, 2010 հուլիսին, 2011 մայիսին լ՛Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում արված հայտարարություններում: Այդ պատճառով առնվազն ինքնախաբևություն է պնդել, որ 2010-2011 թթ.եռանախագահների կողմից արվել են առաջարկություններ, որոնք փոխում էին բանակցությունների էությունը եւ հիմնարար սկզբունքները:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դա ադրբեջանական հին երգի, հին կնկներգ է. Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագանները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի այս մոտեցումը ակնհայտ ցանկություն է՝ ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից եւ փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:
Ամփոփելով, նախարար Նալբանդյանը նշեց, որ որքան շուտ Ադրբեջանը ձերբազատվի իր պատրանքներից, որ նավթային եկամուտներից ստացված գումարները կարող են գործոն հանդիսանալ Ադրբեջանի օգտին հակամարտության կարգավորման գործում, որքան շուտ Ադրբեջանը դադարեցնի նավթային դոլարների օգտագործումը նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար, այնքան ավելի տեսանելի կլինի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը: