Հուլիսի 16-ին կկայանա Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրի «Մետալուրգ»-«Շախտյոր» հանդիպումը:
Դոնեցկի դերբիից առաջ «Շախտյորի» հայաստանցի լեգիոնական Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:
– Հենրի’խ, «Շախտյոր» տեսափոխվելուց հետո շարունակո՞ւմ ես հետևել «Մետալուրգի» ելույթներին:
– Իհարկե, հետևում եմ, և ոչ միայն «Մետալուրգի» խաղերին, աշխատում եմ դիտել Ուկրաինայի առաջնության բոլոր թիմերի խաղերը, քանի որ մենք պետք է նաև նրանց դեմ խաղանք:
– «Մետալուրգի» հանդեպ յուրահատուկ մոտեցում ունե՞ս:
– Իհարկե, քանի որ, կարելի է ասել, ես այդտեղ եմ ֆուտբոլում իմ առաջին լուրջ քայլերը կատարել:
– «Մետալուրգի» մարզադաշտում հաճա՞խ ես լինում:
– Այո, եթե ազատ ժամանակ եմ ունենում, գնում և դիտում եմ իմ նախկին թիմի խաղը: Հետաքրքիր է կողքից հետևել նախկին թիմակիցներիդ խաղին:
– Իսկ նրանցից ու՞մ հետ ես հիմնականում շփվում:
– Շփվում եմ հայրենակիցներիս հետ, պորտուգալացիների, և ընդհանրապես, բոլորի հետ: Երբ հանդիպում ենք, միմյանց շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում:
– Իսկ ինչպիսի՞ զգացումներով ես խաղադաշտ դուրս գալիս: Որոշակի նոստալգիա մնացե՞լ է:
– Ոչ, քանի որ ես այժմ «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ և չեմ կարող խաղադաշտ դուրս գալ նոստալգիկ զգացումներով:
– Երբ դու վերջին խաղում գոլ խփեցիր, նկատեցի՞ր, որ «Դոնբաս Արենայում» յուրահատուկ երաժշտություն հնչեց:
– Այո, այո… (ժպտում է): Շատ լավ գաղափար է: Այսուհետ ամեն ինչ կանեմ, որ «Դոնբաս Արենայում» լսեմ ինձ հարազատ «Սուսերով պարը»:
– Իսկ «Մետալուրգին» առանց երաժշտության կաշխատե՞ս գոլեր խփել:
– Առաջին հերթին թիմը աշխատում է ամեն խաղում հաղթել, իսկ թե ով կխփի այդ գոլը, դա արդեն երկրորդական է:
Թարգմանությունը` Armfootball.com-ի