ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Լեռնային Ղարաբաղի հարցում ջանքեր գործադրելու համար:
Սպիտակ Տան ղեկավարը հատուկ ընդգծել է ԱՄՆ-ի պարտավորվածությունները ձեռք բերված համաձայնության շրջանակներում որոշակի արդյունքների հասնելու հարցում: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում, բացի ղարաբաղյան հիմնախնդրից, քննարկվել են նաև այլ միջազգային և երկկողմանի հարցեր:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հունիսի 24-ին Կազանում կայացած նախագահներ Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո կողմերը փոխադարձաբար մեղադրեցին միմյանց երկխոսության տապալման մեջ, ՌԴ ԱԳ նախարարը նախագահ Մեդվեդևի կարգադրությամբ հուլիսի 8-ին այցելեց Երևան և Բաքու: Նա երկու երկրների ղեկավարներին փոխանցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի առաջարկները:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: