Եգիպտոսի շուրջ 700 բարձրաստիճան ոստիկաններ օգոստոսի մեկից կլքեն իրենց պաշտոնները նախագահ Խոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումը պահանջող ցուցարարների սպանությունների հետ առնչություն ունենալու համար, հայտնում է BBC-ն` հղում կատարելով Եգիպտոսի Ներքին գործերի նախարար Մանսուր ալ Իսավիի խոսքերին:
Նրա խոսքով` պատժամիջոցները կկիրառվեն ոստիկանության 505 գեներալների և 164 այլ ավագ սպաերի նկատմամբ: Եգիպտոսի վարչապետ Իսամ Շարաֆը ավելի վաղ հայտարարել էր, որ ցուցարարներին սպանությունների հետ որևէ կապ ունեցող ոստիկաններին աշխատանքից հեռացնելը պատասխան քայլն է այն քննադատություններին, որոնց համաձայն արդարադատությունը դանդաղում է մեղավորներին դատարանի առջև կանգնեցնելու հարցում:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո տասնյակ քրեական գործեր են հարուցվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ: Եգիպտոսի նախկին ղեկավարության անդամներից շատերը, այդ թվում`նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու նրա որդիները, այժմ բանտում սպասում են դատավճիռների:
Ներկայումս Եգիպտոսը ղեկավարում է զինված ուժերի Գերագույն խորհուրդը, ինչպես նաև նրա կողմից նշանակված անցումային կառավարությունը` վարչապետ Իսամ Շարաֆի գլխավորությամբ: