Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության վարչությունը խուզարկում է անցկացրել Մոսկվայում գտնվող «Երևան Պլազա» առևտրի և զվարճությունների համալիրի սեփականատիրոջ ընկերությունում` պայմանավորված համալիրի կառուցման ընթացքում գրանցված խախտումներով:
Հատուկ ծառայությունները խարդախությունների մի ամբողջ շղթա են հայտնաբերել: Պարզվել է, որ կենտրոնի կառուցապատումը իրականացվել է ներկայումս դատապարտված մայրաքաղաքի Հարավային շրջանի նախկին ղեկավարի հովանավորության ներքո, ով համալիրի հաշվապահական համակարգի միջոցով գումարներ է լվացել:
«Հաստատվել է, որ առևտրի կենտրոնը կառուցվել է կոպտագույն խախտումներով և ցանկացած պահի կարող է փլուզվել ուղիղ մետրոյի մեջ»,- պատմել է Դաշնային ծառայությունում Life News-ի աղբյուրը: Նման վայրերում, որտեղ հողի տակ մետրո է անցնում, շենքի կառուցման հստակ չափանիշներ կան, հակառակ դեպքում հատակը չի դիմանա ծանրությանը: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը գերազանցում է 10 հազար ք.մ. տարածքը: Միաժամանակ, այն մասամբ զբաղեցրել է քաղաքի իրեն չպատկանող հատվածը:
Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են «Ստինկոմ-Գրուպ» ընկերության ղեկավար Գենադի Ստեփանյանի աշխատասենյակը:
Պարզվել է, որ այս համալիրի կառուցման և ծրագրի իրականացմանը հովանավորել է ներկայումս դատապարտված Մոսկվայի Հարավային շրջանի ղեկավար Յուրի Բուլանովը: