Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը, որը երեկ վերընտրվեց այդ պաշտոնում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Ազարյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ընտրությունները, և չի ընդունում քաղաքական որոշումներ, թեև ԿԸՀ անդամներն աշխատում են քաղաքական դաշտում:
Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե, ըստ Ազարյանի, ինչով է պայմանավորված հասարակության անվստահությունը ԿԸՀ-ի գործունեության նկատմամբ և ինչ է պատրաստվում անել ԿԸՀ նախագահն անձամբ իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, Ազարյանը պատասխանել է, որ նրանք, ովքեր մի փոքր շփվում են ԿԸՀ-ի հետ, շատ կարճ ժամանակում փոխում են իրենց վերաբերմունքն այդ կառույցի նկատմամբ:
«Իսկ ոչ շփվողները որպեսզի փոխվեն, անհրաժեշտ է, որ մենք ունենանք համարձակություն, որպեսզի ներկայացնենք այն, ինչ տեսնում ենք: Ես, իհարկե, իմ մեղքի բաժինն էլ եմ տեսնում դրա մեջ, ես չեմ կարող բոլորին սովորեցնել, թե ինչ է նշանակում ընտրություն, ինչպես են դրանք կազմակերպվում, և ինչպես իրականացնել ընտրողների ուսուցումը», – ասել է Ազարյանը:
Նա շեշտել է, որ իրենց առաջնային խնդիրը պիտի լինի ընտրողին բացատրել, թե «ինչ արժե քվեաթերթիկը»:
«Եթե կգտնեք լավ տարբերակ այդ ուսուցումն իրականացնելու, խնդրեմ, դիմեք, ես փնտրտուքների մեջ եմ, նոր հանձնաժողովի անդամները` նույնպես: Առաջարկեք լավագույն ձևը ուսուցանելու: Սա պետք է լինի հեռուստաընկերությունների խնդիրը ևս, պետք է ավելի շատ հրավիրեն ԿԸՀ անդամների, որոնք կբացատրեն, թե ինչ պիտի անի ՀՀ քաղաքացին, կբացատրենք, թե ինչ արժի քվեաթերթիկը: Եթե կարողանանք բացատրել, որ այդ գինն առաջիկա 4-5 տարիներին այն երկրի բարեկեցության գինն ունի, մենք կունենք նորմալ ընտրություններ»,- ասել է նա` նշելով, որ ընտրությունների ժամանակ ձայները վաճառելն անընդունելի է:
Ազարյանը նշել է, որ երբեք չի ասել, որ ընտրությունների ընթացքում կեղծիքներ չեն եղել, բայց դա նշանակալիորեն տարբերվում է «կեղծված ընտրություններ» հասկացությունից:
«Եթե մեկն ասի, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ չեն եղել, իմ տեղը հաճույքով կզիջեմ իրեն: Բայց մեր խնդիրը պետք է լինի ապահովել մեծ մասնակցություն, որքան մեծ լինի մասնակցությունը, այնքան փոքր կլինի ընտրակեղծիքի տոկոսը»,- մեկնաբանել է ԿԸՀ նախագահը: