Արմավիրի մարզում ֆուտբոլը չի զարգանում, քանի որ չկա ֆուտբոլ սիրող որևէ անձնավորություն, որ կստեղծի ֆուտբոլային ակումբ: Նման կարծիք Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով ակտիվորեն պատասխանում է օգտատերերի հարցերին, ընդ որում` լատիներեն տառերով:
«Արմավիրի գործարարներից որևէ մեկը չի ցանկանում հովանավորել ինչ-որ ակումբ, այն դեպքում, երբ Արմավիրում կա հրաշալի դաշտ», – ի պատասխան օգտատարերից մեկի հարցի` գրել է Հայրապետյանը:
Մեկ այլ օգտատեր Հայրապետյանի էջում տեղադրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը.
«Պարոն Հայրապետյան, ֆուտբոլի զարգացման հետևյալ սցենարը առաջիկա 10 գուցե 15 տարիների համար 1. Առաջնությունը կանցկացվի գոնե 12 թիմով, 2. Կլինի լիարժեք առաջին խումբ և փոխարինողների առաջնություն, իսկ երկրորդ թիմերի խաղացողները կբաշխվեն պատանիների և փոխարինողների առաջնությունների միջև համապատասխանաբար, 3. Առաջնության թիմերի միջին տարեկան բյուջեն կհասցվի գոնե 3-5 մլն դոլար, 4. Ֆուտբոլը մեծ տեմպերով կտղափոխվի մարզեր, 5. Առաջատար թիմերը կհամագործակցեն եվրոպական միջին և միջինից բարձր մակարդակ ունեցող ակումբների հետ»:
Ի պատասխան ներկայացված ծրագրի` ՀՖՖ նախագահը խնդրել է իրեն ուղղություն ցույց չտալ.
«Մենք ունենք շատ հստակ մշակված ծրագիր և շարժվում ենք այդ ծրագրով»: