ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում իր կուսակցության դիրքորոշումն է հայտնել ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին:
– Դուք որպես ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը կողքից նայող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ եք մտածում, ինչի՞ մասին են խոսելու աշխատանքային խմբերը:
– Ամիսներ առաջ էինք մենք ասում, թե չենք հասկանում, թե իրենք ինչ են անում, որովհետև կողմերի պատկերացումները, ակնկալիքները, իրենց միջև անվստահությունը այնպիսի մի մակարդակի վրա են, որ անհասկանալի է, թե ինչ խնդիրներ են քննարկում, և ընդհանրապես, այս ամիսների ընթացքում, որոնք բավականին ճակատագրական են եղել Հայաստանի համար`այս ընթացքում ավելացել է արտագաղթը երկրից, մարդկանց սոցիալ-տնտեսական պայմաններն են ավելի վատթարացել, երկրի կառավարման, քաղաքական պրոցեսների համար որոշակի պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժերը զբաղված են եղել իրար հասկանալով, ինչ-որ պատվիրակություններ կազմելով, և այսօր իսկապես անհայտ է, թե ինչ են քննարկելու իրենք:
– Սովորաբար ասում են, թե կանխատեսումներն անշնորհակալ գործ են, այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը`ինչո՞վ կավարտվի Կոնգրեսկոալիցիա երկխոսությունը:
– ՀԱԿ իշխանություն երկխոսությունը ներկայիս հայտարարությունների ֆոնի վրա, եթե դրանից դուրս այլ բաներ չկան, ապագա չունի: Որովհետև եթե ՀԱԿ-ն ասում է, որ արտահերթի հարցն է քննարկելու, իսկ իշխանությունն ասում է, որ նման հարց չի կարող քննարկվել, և արտահերթի հիմքեր չկան, սա նշանակում է, որ այդ երկխոսությունը, որ այս ամիսները մաշեց, մաշելով և ժամանակի, և բոլոր տեսակի ռեսուրսները, ապագա չի կարող ունենալ: Ինչպես շատ վերլուծաբաններ են նշում, այս ամենը կարող է ավարտվել ընդամենը ապագա ընտրությունների շուրջ ինչ-ինչ պայմանավորվածություններով:
– Իհարկե, խանդը և սերը քաղաքական կատեգորիաներ չեն, այդուհանդերձ ուզում եմ հարցնել`«Ժառանգությունը» չունի՞ որոշակի խանդ ՀԱԿ-կոալիցիա հարաբերությունների հանդեպ:
– Ամենևին ոչ, և եթե անգամ սա տեղի ունենար «Ժառանգության» հետ, իմ կարծիքով, «Ժառանգությունը» միանշանակ մերժելու էր, որովհետև խնդիրն այն չէ, թե արդյոք «Ժառանգությունը» կամ որևէ մեկը մասնակցում է այս պրոցեսին, խնդիրն այն է, որ այդ պրոցեսը ոչ միայն թափանցիկ չէ, ոչ միայն հասկանալի չէ, այլև պարզապես անընդունելի է իր տրամաբանությամբ: