Ուրբաթ Սիրիայի մի շարք քաղաքներում բռնկված բողոքի ակցիաների հետևանքով առնվազն 28 ցուցարար է զոհվել, այդ թվում` մեկ երեխա: Ավելի քան 100 մարդ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` հղում կատարելով ընդդիմության ակտիվիստների խոսքերին:
Հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաք Դամասկոսում 16 մարդ է զոհվել: Զոհվածներ կան նաև Դարա և Իդլիբ քաղաքներում:
Նշվում է, որ, տարբեր գնահատականների համաձայն, ուրբաթօրյա հանրահավաքի մասնակիցների թիվը անցել է 1 միլիոնից: Ընդդիմադիրները հայտարարել են, որ միայն Խամա և Դեյր ազ-Զաուր քաղաքներում հանրահավաքի է դուրս եկել ավելի քան մեկ միլիոն մարդ: «Ալ Ջազիրան» նշում է, որ 2011-ի մարտից պարբերաբար անցկացվող ցույցերից հուլիսի 15-ի բողոքի ակցիաները ամենազանգվածայինն են եղել: Բողոքի ակցիաներով բռնկված մի շարք քաղաքներ ամբողջապես վերահսկվում են նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմից, իսկ ոստիկանությունը կամ զինված ուժերը չեն համարձակվում մտնել այնտեղ:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը մի քանի հարյուր մարդկանց կյանք են խլել:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել սիրիական պաշտոնյաների նկատմամբ:
Իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է սիրիական իշխանությունների գործողությունները: