Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի` Նելսոն Մանդելայի Միջազգային օրն է: Մանդելայի ծննդյան օրը` հուլիսի 18-ը, միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից և նշվում է յուրաքանչյուր տարի` 2010-ից սկսած: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը տեսաուղերձ է հղել ողջ աշխարհի մարդկությանը: Գլխավոր քարտուղարի ուղերձում ասված է. «Նելսոն Մանդելայի Միջազգային օրը մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում խիզախության և ազնվության կենդանի խորհրդանիշ համարվող մարդուն: Նելսոն Մանդելան իրավապաշտպան և ազատության մարտիկ է եղել: Նա եղել է քաղբանտարկյալ, խաղաղարար և նախագահ: Նա ազգերի բուժիչն է և ամբողջ աշխարհում առաջնորդների մի ամբողջ սերնդի և մարդկանց հոգևոր հայրը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ինքը պատիվ է ունեցել հանդիպել Նելսոն Մանդելային և շնորհակալություն է հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է: «Բայց նա պնդում էր, որ դա այլոց արժանիքն է: Նրա համեստությունը շարունակում է ոգեշնչել»,- ընդգծել է Բան կի Մունը:
«Այսօր ես միանում եմ Նելսոն Մանդելա Հիմնադրամին` կոչ անելով յուրաքանչյուրին Մանդելայի օրը 67 րոպե հասարակական ծառայություն մատուցել. մեկ րոպե յուրաքանչյուր այն տարվա համար, որ Մանդելան նվիրել է մարդկությանը ծառայելու համար: Ուսուցանեք երեխային: Կերակրեք սովածին: Հոգ տարեք ձեր միջավայրի մասին: Կամավոր ծառայություն մատուցեք հիվանդանոցում կամ հասարակական կենտրոնում: Մանդելայի շարժման մի մասը եղեք` աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Միասին մենք կարող ենք օգնել մարդկանց հասնել այն արժանապատվությանը, որը նրանց շնորհվում է ծննդյան օրից»,- հայտարարել է Բան կի Մունը:
Նշենք, որ Նելսոն Մանդելան, ով այսօր դառնում է 91 տարեկան, համարվում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ամենաակտիվ գործիչներից մեկը: Իր հայացքների համար Մանդելան կյանքի 27 տարին անցկացրել է Քեյփթաունի բանտում, իսկ ազատություն ստանալուց հետո դարձել է ՀԱՀ առաջին աֆրոամերիկացի նախագահը (1994-1999):
1993 թվականին Նելսոն Մանդելային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: