Հուլիսի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ:
Համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրեցին Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:
Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասաց, որ դրանք հակասում են թե բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե միջնորդների դիրքորոշմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: