Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել:
Հանդիպելով Իսրայելի ընտրանու հետ` հայաստանցիները 3,5:0,5 հաշվով հաղթել են մրցակցին: Լևոն Արոնյանը պարտության է մատնել Էմիլ Սուտովսկիին, Վլադիմիր Հակոբյանը` Եվգենի Պոստնիին, Գաբրիել Սարգսյանը` Տամիր Նաբատիին, և միայն Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի է իր պարտիան ավարտել Միխայել Ռոիզի հետ:
Բացի Հայաստանի հավաքականից, հաղթանակներ են տարել նաև Ռուսաստանը` ԱՄՆ-ի նկատմամբ` 3:1, և Ուկրաինան` Եգիպտոսին` 2,5:1,5:
Հնդկաստան-Հունգարիա և Ադրբեջան-Չինաստան հանդիպումներն ավարտվել են 2:2 հաշվով:
Այսօր Հայաստանի հավաքականը հանդիպելու է ԱՄՆ ընտրանու հետ:
Առաջին տախտակին Գատա Կամսկին կխաղա Լևոն Արոնյանի հետ, երկրորդ տախտակին Սերգեյ Մովսեսյանը ուժերը կչափի Ալեքսանդր Օնիշչուկի հետ, երրորդին` Վլադիմիր Հակոբյանը կմրցի Յուրի Շուլմանի հետ, իսկ Գաբրիել Սրագսյանը կհանդիպի Յասեր Սեյրավանին: