Home / Հայաստան / Պարբերականի ապօրինի գործունեության մասին տեղեկություններ տարածած լրագրողին մահացած են գտել

Պարբերականի ապօրինի գործունեության մասին տեղեկություններ տարածած լրագրողին մահացած են գտել

Առաջին անգամ «News of the World» բրիտանական ամենավաճառվող շաբաթաթերթի ապօրինի գործունեության մասին տեղեկություններ տարածած պարբերականի նախկին լրագրող Շոն Հորին մահացած են գտել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով Բրիտանիայի իրավապահ մարմիններին:
Հորի մարմինը հայտնաբերվել է Ուոթֆորդում գտնվող իր տանը երկուշաբթի առավոտյան: Իրավապահները հետաքննություն են իրականացնում: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, Հորին աշխատանքից ազատել էին ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:

Ավելի վաղ Հորն առաջին անգամ ԶԼՄ-ներին հայտնել էր, որ բրիտանական պարբերականում լայնորեն կիրառվում են հեռախոսազրույցների գաղտնալսումները: Նա նաև ընդգծել էր, որ News of the World-ի խմբագիր Էնդի Քոուլսոնը խրախուսում էր այդ ապօրինի գործողությունները: Նշենք, որ 2011 թվականի հուլիսի 8-ին Քոուլսոնը ձերբակալվել է:

Հուլիսին ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հայտնի բրիտանական շաբաթաթերթը գաղտնալսում էր հայտնի մարդկանց և սկանդալային հանցագործությունների զոհերի հեռախոսազրույցները` գաղտնի տեղեկություններ ստանալու համար: Միաժամանակ լրագրողներին օգնություն էին ցուցաբերում բրիտանական ոստիկանության որոշ աշխատակիցներ: Սկանդալի պատճառով պարբերականի գործունեությունը դադարեցվեց 2011 թվականի հուլիսի 11-ին: Նշենք, որ News of the Word-ը հրատարակվում էր 1843 թվականից: