Home / Հայաստան / «Հարավկովկասյան երկաթուղիներում» հաջորդ կիսամյակում ներդրումներ են սպասվում

«Հարավկովկասյան երկաթուղիներում» հաջորդ կիսամյակում ներդրումներ են սպասվում

Հուլիսի 20-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքը, խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթաքցը, և որոշվել է առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագրի ներկայացված հինգ տարբերակների, ինչպես նաև դրանց ֆինանսական գնահատականների քննարկում և ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Երկուստեք անդրադարձել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված համաձայնագրի քննարկման ընթացքին, երկաթուղու անշարժ գույքը որպես ՀՀ սեփականություն գրանցելու և դրանց տիրապետման իրավունքները   «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին փոխանցելու գործընթացին վերաբերող հարցերին, ինչպես նաև ներկայացվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի նախնական կատարողականը:

Շայդուլինը պարզաբանում է ներկայացրել ներդրումային ծրագրի թերացման վերաբերյալ և հավաստիացրել, որ ամբողջ ներդրումային պարտավորությունները կկատարվեն հաջորդ կիսամյակում: