Երեկվանից Facebook սոցիլական ցանցում երկու խմբեր են ստեղծվել՝ մեկն ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, իսկ մյուս խմբի անդամները պահանջում են վերջինիս հեռացնել եկեղեցուց:
Հիշեցնենք, որ խմբերի ստեղծման պատճառ էր հանդիսացել պատմաբան Սամվել Կարապետյանի ArmInfo գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, որ ինքը Գարեգին Բ-ին ներկայացրել է Սանահին վանքային համալիրի խնդիրները և առաջարկել է կաթողիկոսին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Կարապետյանի փոխանցմամբ, Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ: Հետագայում Մայր Աթոռը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով, որ Կաթողիկոսը նման բան է ասել և անվանելով Կարապետյանի հայտարարությունը «հանդուգն»:
«Ի պաշտպանություն Վեհափառի» խումբն ունի 130 անդամ, և խմբի ստեղծող օգտատեր Կարո Կարապետյանը, ում պրոֆիլում իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի լուսանկարն է, հայտարարել է.
«Ֆեյսբուքում մի խումբ «Հայրենասերներ» պահանջում են վեհափառին հեռացնել եկեղեցուց: Մենք հայտարարում ենք, որ մնում ենք մեր եկեղեցու և նրա գլուխ կանգնած Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսի կողքին: Քանզի եկեղեցին է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ազգը ոչնչացումից և այլ ազգերի հետ ձուլումից»:
Իսկ ահա «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» խումբն ունի 275 անդամ և խմբի ստեղծող Արնո Կուր օգտատերը հայտնում է.
«Հարգելի ընկերներ, այս էջի պատրաստման համար պատճառ հանդիսացավ Կաթողիկոսի հայտարարությունն առ այն, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ»:
Նշենք նաև, որ սոցցանցում ստեղծվել է նաև հարցում՝ «Կո՞ղմ եք, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացվի հայ առաքելական եկեղեցուց»:
Պատասխանողներից 1435 մարդ կողմ է քվեարկել Գարեգինի Բ-ի հեռացմանը, իսկ 201 մարդ՝ դեմ:
Գարեգին Բ-ին դեմ հանդես եկող խմբի անդամները պարբերաբար ակտիվ հղումներ են տեղադրում իրենց էջում, որտեղ հնարավոր է տեղեկանալ Վազգեն Ա կաթողիկոսի գործունեության մասին: Խմբի անդամները դրանով ցանկանում են ցույց տալ երկու կաթողիկոսների տարբերությունը: