Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 18-ին FEMEN կանանց շարժման ակցիայի ժամանակ վրացական դեսպանատան աշխատակցի կողմից «Կոմենտարիի» պարբերականի լրագրող Ալեքսանդր Յամկովիին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողի դեմ մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 296 –րդ`«Խուլիգանության» հոդվածի համաձայն, որը մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսում:
Տուժած լրագրողի փաստաբանը մտադիր է ևս մեկ հոդվածով մեղադրանք ներկայացնել դատարան`«լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում»:
«Ոստիկանության աշխատանքի տեմպն ինձ վստահություն է հաղորդում առ այն, որ գործը արագ իրավական լուծում կստանա, իսկ խուլիգանն իր պատիժը կկրի: Այս միջադեպը պետք է ցույց տա, որ Ուկրաինան խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության հարցում ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան ժամանակակից Վրաստանը»,- հայտարարել է Ալեքսանդր Յամկովին:
Կանանց FEMEN շարժումը թերահավատորեն է մոտենում «վրացի ագրեսորի արդարացի պատժի ենթարկելու հեռանկարին» և կարծում է, որ մեղադրյալը լքել է Ուկրաինայի սահմանները, քանի որ միջադեպից հետո հեռացվել էր աշխատանքից և, հետևաբար, Վրաստանի դեսպանատունը նախկին աշխատակցի համար պատասխանատվություն չի կրում: