Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցում Սանահին վանական համալիրի շուրջ բարձրացրած աղմուկի արդյունքում այսօր ՀՀ մշակույթի նախարարությունն իր կայքում հրապարակել է «Տեղեկույթ «Սանահին» վանական համալիրի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը նախորդ շաբաթ հաղորդագրություն էր տարածել Սանահինի համալիրի վիճակի մասին` կոչ անելով խնամել վանքը, որի գմբեթին և տանիքին ծառեր են աճում:
Մշակույթի նախարարության հրապարակած տեղեկույթում նշվում է, որ Սանահինի շուրջ տարվող աշխատանքները մեկնարկել են 2011 թվականի մայիսին, երբ գերմանացի մասնագետները Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Չուլջյան սրբազանի հովանավորությամբ իրականացրել են հուշարձանի տեխնիկական առումով վտանգված հատվածների հսկիչ սկանավորում, որի արդյունքները ներկայումս ենթարկվում են լաբորատոր մշակման:
«Զուգահեռաբար մեկնարկվում են հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները /երկրաբանական հանույթի ֆիզիկատեխնիկական վիճակը պարզելու նպատակով/, որոնք իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին: Սեպտեմբերին գերմանացի մասնագետների կողմից ներկայացված և հնագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվի վանքային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք կլուծեն հուշարձանի վտանգված հատվածների խնդիրները: Նախագծի տեխնիկական առաջադրանքով նախատեսված է նաև ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ բուսաճի վերացմանը: Այդ աշխատանքների կատարման համար 2011 թվականի բյուջեով նախատեսվել է 6 մլն. դրամ, իսկ 2012-2014 թթ. ընթացքում հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` մոտավորապես 90 մլն. դրամ», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ: