Հուլիսի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերին, Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին:
ՀԱԿ-ի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով համազեկուցողը ներկայացրել է ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանի` Հայաստանին վերաբերող քննարկվելիք խնդիրները և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականները:
ՀՀ առաջին նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին` մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված նրանց ջանքերի համար և կարևորել միջազգային հանրության հետևողական ուշադրությունը` սպանությունների բացահայտման հարցում:
«Պատվիրակության խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրեց նաև ներքաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես, Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով իշխանության և ընդդիմության միջև սկսված երկխոսության ընթացքը: Ներկայացվեցին են նաև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջը, ազատ, արդար և օրինական ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման մեխանիզմները, դրա հետ կապված` ընտրական մեխանիզմների բարելավումը: Քննարկվեց նաև կեղծիքների մեխանիզմի և Հայաստանում հաստատված քրեապետական համակարգի փոխկապակցվածությունը:
Զրույցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրացրեցին նաև միջազգային դիտորդական առաքելության` ընտրությունների դիտարկման ներկա ձևերի անարդյունավետությունը և 2000 հոգանոց առաքելության ուղարկման ինչպես նաև մոնիտորինգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կարևորվեց նաև Հայաստանում հեռուստատեթերի նկատմամբ իշխանության տոտալ վերահսկողության բացառման անհրաժեշտությունը և հեռուստատեսության անկախության ապահովման անհրաժեշտությունը», – ասված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: