Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Չինաստանի ընտրանուն և պահպանեց միանձնյա առաջատարի դիրքերը:
Հայաստանի հավաքականի առաջին երեք տախտակներում հանդես եկող գրոսմայստերները ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները:
Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց Վան Հաոյի, Սերգեյ Մովսեսյանը` Վան Յուէի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Լիա Չաոյի հետ:
Եվ միայն չորրորդ տախտակին սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 45-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Յու Յանյիին:
Տուրի մյուս պարտիաներում Ռուսաստանը 3:1 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսին, ԱՄՆ-ը նույն հաշվով հաղթեց Հնդկաստանին, Հունգարիան 3,5:0,5 հաշվով ջախջախեց Իսրայելին, իսկ Ուկրաինան 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում ընթացող Հայաստանի ընտրանին վաստակել է 8 միավոր: Մեր թիմին հետապդնում են Ռուսաստանն ու Հունգարիան, որոնք վաստակել են 7-ական միավոր: 6 միավորով 4-րդ տեղում է Ուկրաինայի հավաքականը: Ադրբեջանը, Չինաստանը և ԱՄՆ-ն վաստակել են 5 միավոր, 4 միավոր ունի Իսրայելը, 3` Հնդկաստանը, իսկ Եգիպտոսի հավաքականը միակն է, որ դեռևս միավոր չի վաստակել: