Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Մանկական եվրատեսիլ-2011»-ի գործադիր պրոդյուսեր Լևոն Սիմոնյանը, Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը ներկայացրել են առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի տարբերանշանը և նշանաբանը: Ինչպես նաև արդեն հայտնի է «Եվրատեսիլ»-ի անցկացման օրը և վայրը. այն կկայանա դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
«Ինչպես տեսնում ենք, այն ներկայացնում է սարեր և երաժշտական էկվալայզեր, որը խորհրդանշում է բարձունք: Մեր խորհրդանիշն է՝ «Հասիր բարձունքին» (Reach for the top)»,- ներկայացրել է Գոհար Գասպարյանը:
Տարբերանշանի վրա պատկերված սարերը հիշեցնում են Մասիսն ու Սիսը:
«Կարծում եմ՝ ցանկացած մարդ՝ լինի դա հայ, լինի դա եվրոպացի, լինի դա աշխարհի ցանկացած ծայրում ապրող մեկը, ինչ-որ հոգեհարազատ բան կտեսնի այս ամենի մեջ, պարզապես շատ ուժեղ սարեր են»,- հավելել է նա:
Գասպարյանի խոսքով` այսօրվա դրությամբ մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար դիմել է 12 երկիր՝ Բելառուս, Բելգիա, Վրաստան, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Հոլանդիա, Ռուսաստանի Դաշնություն, Սան Մարինո, Շվեդիա, Ուկրաինա, քննարկվում է նաև Հունաստանի և Բուլղարիայի մասնակցությունը, բայց սա դեռ վերջնական ցանկը չէ:
Կազմակերպիչները նշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան դեռևս հայտեր չեն ներկայացրել, սակայն վստահեցրել են, որ բոլոր մասնակիցների համար ապահովվելու է անվտանգ և խաղաղ մեկ շաբաթ: