ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցը տարածաշրջան յուրաքանչյուր անգամ տեղեկատվական առիթ է դառնում ոչ միայն հակամարտող երկրների ԶԼՄ-ների համար, այլ նաև Ռուսաստանի, մինչդեռ իրականում որևէ բեկումնային բան, կարծես, չկա: Այս մասին իր բլոգում գրում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Լրագրության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Ռոման Նադիրյանը:
«Ո՞րն է նորությունը: Որ տարածաշրջա՞ն են եկել: Ի սեր Աստծո, թող այցելեն աշխատանքային կարգով: Թե՞ որ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Իսկ դրա՞ նորությունը որն է:
Թե ուր է սլանում եռյակը, ինձ առայժմ այդքան էլ պարզ չէ, հատկապես` հաշվի առնելով հակամարտող կողմերի կամակորությունն ու լռակյացությունը. նրանք փորձում են սանձն իրենց ձեռքում պահել և թելադրել ուղին:
Մենք ենք, որ պետք է զգուշությամբ մոտենանք այն տեղեկատվությանը, որը սպառում ենք: Պետք չէ մոռանալ այն մասին, որ խոսքը հիմնականում հակամարտության քաղաքական կարգավորման մասին է: Եվ գրեթե անտեսվում են այլ ոլորտները, որոնք կարող էին մերձեցնել մարդկանց: Չէ՞ որ հարցը միայն Ղարաբաղի սահմանների և կարգավիճակի որաշման մեջ չէ (փախստականների հարցը շատ լուրջ է երկու կողմերի համար էլ, սակայն խոսք չի գնում երկու ժողովուրդների` միմյանց հանդեպ վերաբերմունքի մասին: Հնարավո՞ր է արդյոք թշնամու կերպարի առկայության դեպքում կարգավորել հակամարտությունը):
Մենք թույլ ենք տվել պահպանել որոշակի հարաբերություններ քաղաքական բանակցությունների ցածր մակարդակի վրա` դրանով իսկ չափազանց նեղացնելով եկրխոսությունը կարգավորելու հնարավորությունները: Իսկ երկխոսությունները կարող են տարբեր տեսակի լինել` տարբեր մակարդակների վրա:
Իսկ առայժմ… Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո շատ տարիներ են անցել: Իսկ սայլը դեռ տեղում է, առայժմ` հարաբերականորեն հանգիստ ու անվտանգ, ինչի համար, գուցե, պետք է երախտապարտ լինել նաև միջնորդներին», – գրում է Ռոման Նադիրյանը: