Հուլիսի 20-ին` ժամը 15.04-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոմայրուղու 110-րդ կմ-ում, Նորավանքի կամրջի մոտակայքում` տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և վարորդին ավտոմեքենայից դուրս բերման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները պարզել են, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 720ԼՕ43 պետհամարանիշով ավտոմեքենան, վնասելով պատնեշը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից` ընկնելով Արփա գետը:
Մինչ փորկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդը` Երևանի բնակիչ, 1965թ. ծնված Անդրանիկ Ալեքսանյանը: Փրկարարների կողմից Ա.Ալեքսանյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այնուհետև` տուժածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց: Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը բավարար է: