Երեկվանից Էջմիածին-Երևան միջքաղաքային տրանսպորտը կայանում է գլխավոր ավտոկայանում՝ Կիլիկիա թաղամասի հարակից տարածքում (մինչ այդ երթուղայինները կայանում էին Մաշտոց պողոտայի սկզբնամասում՝ քաղաքային տրանսպորտի կանգառում):
Նշենք, որ մի շարք այլ քաղաքներից Երևան եկող տրանսպորտի կանգառները փոխել էին դեռևս տասը օր առաջ և միայն Էջմիածնի դեպքում փոփոխությունն ուշացումով էր իրականացվել: Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ այս փոփոխություններից դժգոհ էին մարզերի բնակիչները, ովքեր համարում էին, որ դա արվել է նրա համար, որ մարդիկ ավելի շատ օգտվեն մետրոյից ուղեվարձի բարձրացումից հետո: Մարզերից ժամանող երթուղայինների կանգառները հիմնականում տեղափոխել են «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» մետրոներիր հարևանությամբ:
Էջմիածնից ժամանող մարդիկ դժգոհ էին «նորամուծությունունից»:
Կանգառում կանգնած` նրանք դժգոհություն էին հայտնում փաստի կապակցությամբ՝ ասելով. «Հիմա էլ մի հատ էլ ավել 100 դրամ պիտի տանք, որ հասնենք ավտոկայան»:
Epress.am-ի թղթակիցը այցելել է նաև նախկին կանգառ, որտեղ երկու մարդ, ովքեր չցանկացան ներկայանալ, անտեղյակներին ասում էին, որ նոր կանգառն ավտոկայանում է.
«Ստեղ էլ ոչ մի մարշրուտկա չի կանգնելու, գնացեք ավտոկայան»:
Երբ ուղևորներից մեկը բորբոքված սկսել է բողոքել՝ «ում մտքով ինչ անցնի, անում են, մի հատ մարդկանց նախօրոք չեն էլ տեղեկացնում, կամ չեն ասում՝ ժողովուրդ, ի վիճակի եք եսիմ ինչքան տալ տրանսպորտի», երկու տղամարդկանցից մեկը բարձրաձայն հայտրարել է. «Երևանն իմ քաղաքն ա, իմ շեֆը ոնց ասի, տենց ա լինելու, պտի մարզերի մարշրուտկեքը չմտնեն քաղաք»:
Նշենք, որ նախկին կանգառում հավաքվածներին Էջմիածին էին տանում երևանյան տաքսիները, մարդիկ էլ վարորդներին ասում էին. «Երևանի տաքսով կգնամ, բայց չեմ հասնի կայարան, դե տեսնեմ ինչ են անելու: Լավ ա էլի, էրեվանցի տաքսիսիտների գործը կպավ»: