Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը պատասխանել է Դմիտրի Մեդվեդևին

Սերժ Սարգսյանը պատասխանել է Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական պատասխանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետկազանյան ուղերձին արդեն ուղարկվել է ՌԴ նախագահին: Այդ մասին երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տեղեկացրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Թե ի՞նչ է  գրված Սարգսյանի պատասխանում, այդ մասին Արզումանյանը որևէ բան չի ասել:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Մեդվեդևի կարգադրությամբ այցելել էր Երևան, այնուհետև Բաքու: Նա երկու երկրների ղեկավարներին էր փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, այդ ուղերձում Մեդվեդևը նշում էր, թե «եկել է պայմանավորվելու ժամանակը»:

Հուլիսի 18-ին Մոսկվա մեկնած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Լավրովին էր փոխանցել Ալիևի պատասխանը Մեդվեդևի ուղերձին: Նույն օրը Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում Նալբանդյանը Լավրովին պատասխանել էր, թե շուտով կուղարկվի նաև Սերժ Սարգսյանի պատասխանը: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը հրաժարվել էր բացահայտել Ալիևի նամակի բովանդակությունը մինչ հայկական կողմի պատասխանի ուղարկելը: