ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շրջանակներում առաջիկայում պատրաստվում է հիմնադրել նաև ինտերնետային հեռուստատեսություն, տեղեկացնում է «168 ժամ» պարբերականը:
Հղում կատարելով սեփական լավատեղյակ աղբյուրներին` թերթը նշում է, որ հեռուստատեսության հիմնադրման նախնական աշխատանքներն արդեն սկսվել են, ձևավորվել է բավականին մեծ խմբագրական կազմ, և այն իր գործունեության մասին կազդարարի սեպտեմբերին:
Երեկ, ի պատասխան պարբերականի թղթակցի հարցի, «Սիվիլիթաս» հիմնադրամից, ըստ էության չեն հերքել այս տեղեկությունը`հրաժարվելով սակայն նոր տեղեկություններ հայտնել նոր ծրագրի մասին: Ասել են միայն, որ ամեն ինչի մասին, կտեղեկացնեն աշնանը:
«168 ժամը» նշում է, որ, որոշ տեղեկությունների համաձայն, ինտերնետային հեռուստատեսության ստեղծումն առաջիկա ընտրություններին ընդառաջ Օսկանյանի կողմից իրականացվող բազմաթիվ քայլերից մեկն է միայն:
«Ըստ նույն աղբյուրների, Օսկանյանն իր գործունեությունը իրականացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցրած: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆիանանսական խնդիրներին է վերաբերում, քանի որ թե հիմնադրամի, թե նոր ստեղծվելիք ինտերնետային հեռուստաընկերության ու այլ ծրագրերի վրա բավականին մեծ գումարներ են ներդրվում: Ընդ որում, Վ. Օսկանյանի կողմից ստեղծվելիք ինտերնետային հեռուստատեսության պատրաստած հաղորդումները կհեռարձակվեն նաև Սամվել Մայրապետյանին պատկանող «Հ2» և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերություններով», – գրում է պարբերականը: