Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին 2007 թվականի հունվարի 19-ին գնդակահարած Օգյուն Սամաստն այսօր դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման:
Սամաստը 21,5 տարի է ստացել «կանխամտածված սպանության» և 16 ամիս` «չարտոնագրված զենք կրելու» համար:
Սամաստի գործը լսում էր անչափահասների դատարանը: Այդ որոշումը կայացվել էր նախորդ տարի այն փաստի հիման վրա, որ նա սպանության պահին անչափահաս է եղել:
Իր վերջին խոսքում Սամաստը խնդրել է դատարանին արդարացնել իրեն` նշելով, որ իրեն սպանության են դրդել մի շարք թերթեր և սյունյակագիրներ, որոնք բացասական երանգավորումով հոդվածներ են տպագրել Դինքի մասին:
«Ինչպե՞ս ես կիմանայի Հրանտ Դինքին և «Ակօսը», եթե նրանք չգրեին այդ մասին», – ասել է Սամաստը:
Նախորդ դատավարությունների ժամանակ Սամաստն արդեն արտահայտել էր նույն կարծիքը:
«Մեղավոր են նրանք, ում թերթերի վերնագրերը փաստում էին Դինքի դավաճան լինելը», – ասել էր նա ապրիլի 5-ին կայացած դատական նիստի ժամանակ` դարձյալ խնդրելով դատարանին մեղմ վերաբերվել իրեն:
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մի շարք ամբաստանյալներ կան, մասնավորապես, ազգայնականներ Յասին Հայալն ու Էրհան Թունչելը, ովքեր մեղադրվում են Սամաստին սպանության դրդելու մեջ:
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները, սակայն, բազմաթիվ անգամ իրենց ելույթներում և պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշել են, որ այդ սպանության հետևում այլ մարդիկ կարող են կանգնած լինեն, իսկ Թուրքիայի իրավապահ մարմիններն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում բոլոր մեղավորներին ի հայտ բերելու համար: Դատավարության ընթացքում Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթիյե Չետինը մի քանի անգամ հայտարարել է, որ իրավապահներն իմացել են Դինքի նկատմամբ կազմակերպվող մահափորձի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ:
Այդ կարծիքը նախորդ տարվա սեպտեմբերին հաստատել էր Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Իր եզրակացության մեջ ՄԻԵԴ-ը նշել էր, որ «թե Ստամբուլի և թե Տրապիզոնի ոստիկանության ներկայացուցիչները տեղյակ են եղել սպանության հնարավոր փորձի մասին, և անգամ մոտավորապես տեղյակ են եղել չարագործների ինքնության մասին, սակայն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել այն կանխելու համար»:
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն, Թուրքիա պետությունը չի պահպանել
Հրանտ Դինքի խոսքի ազատության իրավունքը և չի ապահովել Հրանտ Դինքի դատավարության արդյունավետ ընթացքը, որի համար Թուրքիային պարտավորեցրել էին Հրանտ Դինքի ընտանիքին վճարել 100,000 եվրո փոխհատուցում, Հրանտ Դինքի եղբորը` 5,000 եվրո փոխատուցում, ինչպես նաև պետությունը 28,595 եվրո պետք է հատկացներ դատական ծախսերը փակելու համար: