Հուլիսի 22-ին Ուտոյա կղզում 86 երիտասարդների գնդակահարած նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը նման գործողություններով վրեժ էր լուծում իր երկրից, այդ թվում` 1990-ականների վերջին Հարավսլավիայի ռմբակոծմանը մասնակցելու համար:
Նրա «2083. Անկախության եվրոպական հռչակագիր» մանիֆեստում ընդգրկված գաղափարները վկայում են այն մասին, որ նա դատապարտում էր Նորվեգիային «եղբայր սերբերի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու համար: Բացի դա, Բրեյվիկի նպատակը «Եվրոպային քնից արթնացնելն է», քանի որ հակառակ դեպքում նրան մահ է սպառնում իսլամականացման հետևանքով:
Նա ծրագիր է առաջարկում, որը կարող է օգնել խուսափել «եվրոպացիների ցեղասպանությունից»: Նորվեգացի ահաբեկիչը վստահ է, որ աշխարհամասում պետք է «Դիմադրության շարժում» ստեղծվի, որի անդամները կվերացնեն «Եվրոպայի դավաճաններին», մասնավորապես` ձախականների, սոցիալ դեմոկրատների և ազատական կուսակցությունների 45 հազար ներկայացուցիչներին, պաշտոնյաներին, հայտնի հասարակական գործիչներին, լրագրողներին և դասախոսներին:
Միաժամանակ Բրեյվիկն ահաբեկչությունը անվանում է «զանգվածներին սթափեցնելու միջոց»: «Այսօր մեզ վիրավորում են ահաբեկիչ անվանելով, բայց հարյուր տարի անց մեզ պիոներներ ու հերոսներ կհռչակեն»,- հայտարարել է նորվեգացին: Նրա մանիֆեստի վերջին գրառումը կանխատեսում է, որ «քարոզչական մեքենան» իրեն հիվանդ ու խելագար կհայտարարի: