Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Վրաց Պատրիարք Իլիա Երկրորդի հանդիպման մասին համացանցում տարածված տեսանյութի հեղինակը ազատվել է աշխատանքից: «Эхо Кавказа»-ի տվյալների համաձայն, սույն տեսանյութի հեղինակը Վրաց պատրիարքության վերահսկողության ներքո հեռարձակվող հեռուստաալիքի աշխատակից էր:
Որպես աշխատանքից ազատման պաշտոնական պատճառ է նշվել առանց թույլտվության տեսանյութի տարածումը:
Հիշեցնենք, որ վերջերս Youtube կայքում հայտնվել էր հայ և վրաց եկեղեցիների առաջնորդների հանդիպման մասին պատմող տեսանյութը: Հոգևոր առաջնորդները զրուցում էին ռուսերենով: Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ վրացական կողմը « նախօրեին ընդունված համաձայնագրից» մի քայլ հետ է կատարում: «Կարծես թե գնում եք…առևտրի»,- նշել էր Հայոց Կաթողիկոսը:
Կաթողիկոս Գարեգին Բ-ի այցից հետո Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը հունիսի 19–ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել էր. «Գարեգին Երկրորդը երիտասարդ է, և, թերևս, անհրաժեշտ է, որ նա ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ կերպով անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունից լավ բան չկա»:
Ամենայն հայոց Կաթողիկոս Գարգեգին Բ-ն, այդուհանդերձ, չէր մեկնաբանել վրաց պատրիարք Իլիա 2-րդ-ի` իր մասին արված հայտարարությունը` հաշվի առնելով վերջինիս տարիքն ու փորձառությունը:
Հարկ է նշել, որ եկեղեցիների հարաբերությունները հատկապես սրվեցին Վրաստանում մի շարք կրոնական միավորումներին`այդ թվում Հայ առաքելական եկեղեցուն, իրավաբանական կարգավիճակ շնորհելուց հետո: