Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի պատվիրակությունների բանակցություններն ուղիղ եթերում չեն հեռարձակվելու:
Այսօր ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների երկրորդ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԿ-ի` նախորդ շաբաթ հրապարակված պահանջները, որոնց թվում էր` բանակցությունների ընթացքի ուղիղ եթերով հեռարձակումը, բանակցությունների յուրաքանչյուր փուլից հետո ընդդիմությանը հեռուստատեսությամբ ուղիղ եթերի տրամադրումը, ՀԱԿ-ի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացումը, Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման, հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը։
Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ուղիղ եթերի հետ կապված երկու պահանջներն էլ մերժվել են, իսկ իրազեկող նյութերի հեռարձակման հարցի առնչությամբ իրենք դեռևս պատասխան չեն ստացել:
Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից ահաբեկման, տրանսպորտի կազմալուծման վերաբերյալ ՀԱԿ-ի պահանջին, ապա իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկել է ընդդիմության տրամադրության տակ եղած փաստերը փոխանցել իրենց պատվիրակությանը:
Լևոն Զուրաբյանի խոսքով` իրենք տեղակացրել են, որ, մասնավորապես, ընդդիմությունը պատրաստել է տրանսպորտի աշխատանքի կազմալուծման վերաբերյալ բողոքների մի ամբողջ փաթեթ և ուղարկել է այն կառավարության համապատասխան մարմնին:
Դավիթ Հարությունյանը խոստացել է, որ իշխանական պատվիրակությունը կզբաղվի այդ բողոքով: