Հայաստանի շախմատի հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում:
Այսօր հայաստանցիները հանդիպել էին Ուկրաինայի ընտրանու հետ: Չեմպիոնության համար մեր թիմին ընդամենը ոչ-ոքի էր հարկավոր:
Ուկրաինան կարող էր հավակնել հաղթանակի միայն խոշոր հաշվի դեպքում, սակայն միակ պարտիան, որտեղ ուկրաինացիներն առավելություն ստացան` առաջին տախտակին էր ընթանում Վասիլի Իվանչուկի և Լևոն Արոնյանի միջև:
Երկրորդ տախտակին` Սերգեյ Մովսեսյան-Պավել Էլյանով պարտիայում հավասար պայքար էր ընթանում, իսկ Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Մոիսեենկո և Վլադիմիր Հակոբյան Զահար Եֆիմենկո զույգերում հայաստանցի շախմատիստները առավելություն էին ստացել:
Գնահատելով ստեղծված իրավիճակը` շախմատիստները իրար հետևից ոչ-ոքիներ պայմանավորվեցին` 2:2, որը Հայաստանի ընտրանուն անհասանելի դարձրեց մինչ տուրի մյուս հանդիպումների ավարտը:
Ուկրաինացիները հնարավորություն ստացան արծաթե մեդալներ նվաճել: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Չինաստանը չհաղթի Հունգարիան: Այս պահին այդ հանդիպումը դեռևս շարունակվում է:
Վերջին տուրի արդյունքները և մրցաշարային աղյուսակը կներկայացնենք բոլոր պարտիաների ավարտից հետո: