Հուլիսի 25-ին ժամը 13.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Տավուշի մարզի «Սարկուտ» կոչվող հանդամասում (Նոյեմբերյան քաղաքից 29 կմ հեռավորության վրա) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և վիրավորներ:
Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարար և Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարները տեղում պազրել են, որ «ԳԱԶ-66» մակնիշի 58ԼՏ259 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վահան Երգենյան) գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել են 2 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 11 քաղաքացի, որոնց, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի բնակիչները հանել են ձորից, իսկ «1-03» ծառայության ուժերը տեղափոխել Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:
Ծանր վիրավորներին Երևան տեղափոխելու համար, Նոյեմբերյան քաղաք է մեկնել ՀՀ զինված ուժերի ուղղաթիռ (4 զինվորական բժիշկներով):
Պատահարի հետևանքով զոհվել են 1974թ. ծնված Արմեն Քարիմյանը և 3 ամսական Սերգեյ Աբրահամյանը:
Տուժածներ` 1996թ. ծնված Անժելա Քարիմյանը, 1985թ. ծնված Վահան Երգենյանը և 1981թ. ծնված Նունե Միքայելյանը գտնվում են Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն-ծանր:
Ուղղաթիռով Երևան են տեղափոխվել և տարբեր հիվանդանոցներ հոսպիտալացվել 6 տուժածներ` 1982թ. ծնված Դոնարա, 2002թ. ծնված Հեղինե և 2008թ. ծնված Գոռ Երգենյանները, 1983թ. ծնված Հայարփի Պետրոսյանը, 1960թ ծնված Ռաշիդ Ոսկանյանը և 1981թ. ծնված Ալլա Բարսեղյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
«1-03» ծառայության ավտոմեքենաներով Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2007թ. ծնված Կարեն Աբրահամյանը և 1987 թ. ծնված Արթուր Քարիմյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է համապատասխանաբար` ծայրահեղ ծանր և ծանր: