2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 405.8 մլրդ դրամ, ասված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած ՀՀ պետբյուջեի կատարման ամփոփոգրի մեջ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 32.9 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (28.7 մլրդ դրամով), 11.3%-ով (6.2 մլրդ դրամով) և 65.3%-ով (1.1 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները:
2010 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.9% ով կամ 22.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի աճով:
2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.3 մլրդ դրամի դիմաց: