Home / Հայաստան / Արմավիրի մարզի խանութներում խախտումներ են գրանցել

Արմավիրի մարզի խանութներում խախտումներ են գրանցել

Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի աշխատանքային խումբն այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում առկա մրցակցային խնդիրներին և օրենքի հնարավոր խախտումներին ընդհանրապես:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, փորձագետները Արմավիր քաղաքի խոշոր առևտրի կետերում ուսումնասիրություն են իրականացրել՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան:

Արդյունքում պարզվել է, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, խանութներում վաճառվում էին մի շարք պարենային և սպառողական ապրանքներ, մասնավորապես, սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն և այլն:

Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին Հանձնաժողովը կտեղեկացնի լրացուցիչ: