Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանին զարմացնում է այն փաստը, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անձը հետաքրքրում է լրագրողներին: Այս մասին նա հայտարարել է Epress.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով Սահակյանի այսօրվա հայտարարությունը, թե հոկտեմբերի կեսերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջը «անհեթեթություն» է:
«Այն բանից հետո, երբ Գալուստ Սահակյանի բոլոր գնահատականներն ու կանխատեսումները Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության երկխոսության վերաբերյալ, մեղմ ասած, սխալ դուրս եկան, ինձ պարզապես զարմացնում է, որ լրագրողների համար այդ մարդը դեռևս հետաքրքրություն է ներկայացնում: Թերևս միայն լեզվական կոլորիտ դարձվածքներն են, որ շարունակում են գերել մեր լրագրողական համքարությանը, որովհետև արժանապատվություն ունեցող կուսակցության բարձրաստիճան ֆունկցիոները այն գնահատականից հետո, երբ նրան անվանեցին «որոշման կայացման զրո դերակատար» և ապացուցեցին դա գործով` զերծ կմնար հրապարակային ելույթներից», – ասել է Կարապետյանը:
Նա նաև հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանն էլ հաստատել է Կոնգրեսի առաջնորդի պնդումը և, հակառակ Գալուստ Սահակյանի կանխատեսումների, ոչ միայն ձևավորել է լիարժեք պատվիրակություն, այլև օժտել է իրեն ներկայացնելու լիազորություններով:
«Ինձ թվում է, որ Գալուստ Սահակյանի քաղաքական գործունեության միակ նպատակը սեփական երեխաներին պետական բարձրաստիճան պաշտոններին նշանակել տալն է: Պարզ է, որ, դժվարությամբ երեխաներին գործի տեղավորելուց հետո, նա պետք է փնովի թե երկխոսությունը և թե օրակարգը` անվանելով այն «անհեթեթություն»: Բայց եթե այն անհեթեթություն է, ինչպե՞ս իր ՀՀԿ կոլեգաները համաձայնեցին ընդգրկել այն որպես երկու կետանոց օրակարգի առաջին կետ: Ավելին` Գալուստ Սահակյանը նշում է, թե դա «քննարկելի չէ»` այս հարցով ավելի շատ նմանվելով ՀՅԴ և այլ մանր կուսակցությունների ներկայացուցիչների անհանգիստ կեցվածքին»,- հավելել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ազատության» հետ զրույցում, արձագանքելով ՀԱԿ-ի` արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջին, Հանրապետական կուսակցության փոխնախագահը հայտարարել էր, որ երկխոսության ընթացքում Կոնգրեսը կարող է իր օրակարգում նման խնդիր դնել, ինչպես որ իշխանություններն էլ իրենց օրակարգում ներառել են լավ ընտրություններ անցկացնելու մեխանիզմներ մշակելու հարցը, սակայն, Գալուստ Սահակյանի համոզմամբ, ընդդիմության պահանջը «անհեթեթություն» է, մինչդեռ իշխանությունների բարձրացրած հարցը շահեկան է երկրի համար:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է անհեթեթ համարում ընդդիմության պահանջը, Սահակյանը նշել էր, թե երեք-չորս ամիս է` հիմնավորում է. որովհետև, նախ, քաղաքական պայմանը չկա, և հետո` չի կարելի մտածել, թե Կոնգրեսը այնքան ուժեղ է, որ կարող է նման ուլտիմատումով հանդես գալ: