Home / Հայաստան / Խաղաղություն Ղարաբաղում = վրացին Մոսկվայում դատի է տալիս ռուսաստանցի գեներալի

Խաղաղություն Ղարաբաղում = վրացին Մոսկվայում դատի է տալիս ռուսաստանցի գեներալի

Ադրբեջանյան և հայաստանյան հասարակությունների ներկայացուցիչների խաղաղարար շփումները շոշափելի հաջողությունների չեն բերում: Այս մասին newcaucasus.com-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, ով հայաստանյան քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների փորձ ունի` սկսած 1989 թվականից:

Փորձագետի խոսքով` պատճառն այն է, որ հակամարտության մեջ շահագրգռված են աշխարհի հզոր պետություններն ու երկու կողմերի  իշխանությունները:

«Պատկերացրեք, որ դուք Վրաստանի քաղաքացի եք Մոսկվայում, դատի եք տվել Անվտանգության Դաշնային Ծառայության գեներալի: Կամ էլ ձեր նավթը չեք ցանկանում դոլարով վաճառել: Կարճ ասած, հաջողության հասնելու ձեր շանսերը ավելի շատ չեն, քան Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության ակտիվիստներինը, որոնք փորձում են մերկ ձեռքերով կանգնեցնել ողջ ուժով առաջ սլացող էթնո-ահաբեկչական հակամարտությունների շարժիչը: Ամեն անգամ, երբ հաջողվում էր որևէ դրական, հաշտեցնող վիճակի հասնել, պարզվում էր, որ դա, նախևառաջ, պետք էր  ոչ թե Հարավային Կովկասի անկիրթ, ոչինչ չորոշող, դժբախտ ազգերին, այլ ինչ-որ ռուսաստանյան քաղաքական գործչի: Իսկ օգուտ քաղելուց և օգտագործելուց հետո խաղաղության պահանջը աշխարհում կորում էր, և մի անտարբեր մատ սեղմում էր անտեսանելի, բայց զգայուն կոճակը, և կողմերը կրկին, ստանալով գումարներ, զենք կամ բարոյական աջակցություն (կամ, միգուցե, հրաման) հարձակվում էին միմյանց վրա կենդանական դաժանությամբ»,- ասել է քաղաքագետը:

Ալիզադեն վստահություն է հայտնել, որ խաղաղարար ուժերի կարիքը կզգացվի խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այդ ժամանակ իրենց հացը թշնամություն սերմանելով վաստակող ներկայիս բոլոր ծայրահեղ և խիստ ազգայնականները անմիջապես կվերածվեն աղավնիների և կդառնան անցյալի հակառակորդների ամենամտերիմ ընկերներն ու գործընկերները: