Home / Հայաստան / Որքան են գործուղումների ժամանակ հայաստանցի պաշտոնյաները ծախսում հյուրանոցների վրա

Որքան են գործուղումների ժամանակ հայաստանցի պաշտոնյաները ծախսում հյուրանոցների վրա

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերին`2012 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, մի խումբ պատգամավորներ պատրաստվում են բարձրացնել գործուղումների ժամանակ հաստատված նորմատիվների հարցը:

Վերահսկիչ պալատը ԱԺ-ում վերջին ստուգումների ժամանակ արձանագրել է, որ գործուղումների մեկնող պատգամավորները հյուրանոցներում որպես գիշերավարձ շատ ավելի մեծ գումարներ են վճարում ԱԺ-ի բյուջեից, քան նախատեսված է կառավարության հաստատված նորմատիվներով: Պատգամավորների փաստարկն էլ հետևյալն է. կառավարության հաստատած նորմատիվներով` օրինակ, Փարիզում մեկ օրվա գիշերավարձը 135 եվրո է, իսկ այդ գումարով, ըստ պատգամավորների , Փարիզում կամ եվրոպական որևէ այլ մայրաքաղաքում, որտեղ հիմնականում տեղի են ունենում միջազգային տարբեր միջոցառումներ և վեհաժողովներ, քիչ թե շատ տանելի պայմաններով հյուրանոց գտնել հնարավոր չէ:

«ՉԻ-ն նշում է, որ, չնայած կառավարության հաստատած նորմատիվները բոլորի համար են, պատգամավորները պատրաստվում են բյուջեի քննարկումների ժամանակ փաստերով ապացուցել, որ բոլոր նախարարները, կառավարության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես խախտում են հաստատված նորմատիվները:

Օրինակ, նախարարները և այլ պաշտոնյաներ սեփական գերատեսչությունների բյուջեի հաշվին «եվրոպաներում» գիշերում են առնվազն 400-600 եվրոյանոց հյուրանոցներում, իսկ այդ գումարը դուրս է գրվում տվյալ գերատեսչությունների «այլ ծախսեր» տողից: