Վրաստանի հարկային դաշտը` իր բարենպաստ օրենսդրական միջավայրով, հրապուրում է հայաստանցի գործարարներին, ովքեր վերջին շրջանում սկսել են Վրաստանում ներդրումներ կատարել, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Ըստ հոդվածագրի` ջավախքցի գործարարները կոչ են անում հայերին իրենց բիզնեսը ոչ թե Թբիլիսիում, այլ հենց Ջավախքում սկսել, քանի որ «նույն հարկային պայմաններն են, դեռ մի բան էլ ավելի լավ»:
«Առավոտի» զրուցակից, ջավախահայ գործարար Արամ Սանոսյանն արդեն 3-րդ տարին է` Ջավախքում խոշոր բիզնես է սկսել և վստահեցնում է, որ տարածաշրջանում Ջավախքն ամենահարմար վայրն է, նախ` աշխատուժ կա, որը չի կիրառվում, բացի դա, հայ բիզնեսմենների համար նոր հնարավորություններ է բացում ադրբեջանական մոտ 10 միլիոնանոց շուկա դուրս գալու համար: Որպես ապացույց` Սանոսյանը սեփական բիզնեսի օրինակն է ներկայացրել: Նա Նինոծմինդա քաղաքում բացել է խոշոր ֆաբրիկա, և բացի այն, որ ապրանքը Վրաստանում և Հայաստանում է վաճառում, նաև ադրբեջանական գործարարներից պատվերներ է ընդունում:
Օրաթերթի այն հարցին, թե արդյոք նրա հայ լինելն ու հայկական անվանումով ապրանքանիշը (Արամ-Անի) չի՞ խոչընդոտում Ադրբեջանում արտադրանքն իրացնելուն, Սանոսյանը պատասխանել է.
«Հայանուն ապրանքանիշով արտադրանքը Վրաստանում ու Հայաստանում լավ սպառվում է, իսկ ահա ադրբեջանցի պատվիրատուներն իրենց լոգոներն են ուղարկում, և իրենց ուզածով ենք արտադրում: Պարզապես նշվում է, որ արտադրված է Վրաստանում»: