Հանրային հեռուստատեսության` ընդդիմության օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկող հոլովակի ցուցադրության մերժումը և Հանրայինի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի պատասխան նամակը Հայ Ազգային Կոնգրեսը դիտում է որպես դեմագոգիա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող, իշխանական կոալիցիայի հետ երկխոսող պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մեր իրազեկման տեսահոլովակի ցուցադրումը արգելված չէ օրենքով, և դրա համար պետք էր ընդամենը քաղաքական որոշում: Այն, որ դա չի արվում, խոսում է իշխանություննների վախի մասին», – ասել է Զուրաբյանը:
Տեսահոլովակները հեռուստաեթերում ցուցադրելը ՀԱԿ-ի` իշխանությանը նախորդ շաբաթ ներկայացրած պահանջներից մեկն էր: Կոնգրեսը հանրահավաքի մասին իրազեկող տեսահոլովակը ուղարկել էր մի քանի հեռուստաընկերությունների` այն եթերում համապատասխան վճարի դիմաց ցուցադրելու նպատակով:
Գագիկ Բունիաթյանի գրավոր պատասխանի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր կողմից կազմակերպվելիք քաղաքական հանրահավաքի մասին գովազդային հոլովակ/ տեղեկատվություն/ տեղադրելու մասին գրությանը` հայտնում ենք.
Հայաստանի հանրապետության սահմանադրությամբ պետության կողմից երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն, առաջարկվող անկախ հանրահային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:
Հանրային հեռուստաընկերության կարգավիճակը` ներառյալ եթերաժամանակ տրամադրելու պարտականությունը կարգավորվում է «Հեռուստատեության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով: Համաձայն նույն օրենքի 19-րդ հոդվածի` հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին հանապատասխան:
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ քաղաքական նշանակություն ունեցող հանրահավաքների մասին տեղեկատվության տարածման հետ կապված իրավահարաբերությունները դուրս են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից:
Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը (օրինակ` Ընտրական օրենսգիրքը), նախատեսում է հստակ կանոններ` նախընտրական ժամանակաշրջանի սահմանման և նշված ժամանակահատվածում քարոզարշավի և քաղաքական գովազդի տեղադրման մասին: Միևնույն ժամանակ, Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորող օրեսնդրությունը (ներառյալ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը»), կարգավորելով նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերին եթեր տրամադրելու կարգը` արգելում է նախընտրական քարոզարշավի համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս եթեր տրամարդել (վճարովի կամ անվճար), նույն նպատակների համար:
Վերոգրյալը չի բացառում Հանրային հեռուստաընկերության պարտականությունը օբյեկտիվորեն լուսաբանել հանրության համար կարևոր և նշանակալից, ևւ հանրության համար առավել հնչեղություն ունեցող իրադարձությունները:
Հանրային հեռուստաընկերությունը մշտապես լուսաբանում է տարբեր քաղաքական ուժերի կողմից իրականացված տարբեր միջոցառումենր` կախված դրանց հնչեղությունից եւ հասարակական նշանակությունից:
Օրենքով նախատեսված նախընտրական քարոզարշավների համար նախատեսված ժամանակաշրջաններում, եթերաժամանակը համապատասխան կարգով բաշխվելուց հետո պատրաստ ենք համագործակցել ինչպես անվճար, այնպես էլ` վճարովի քաղաքական գովազդի հեռարձակման հարցում»:
Նամակի տեքստը տրամադրել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը: