Հայաստանում արդեն 2 տարի է՝ գործում է «Մինա» ամուսնական գործակալությունը:
Այն հայաստանցի աղջիկներին և կանանց օգնում է ամուսիններ գտնել Հարավային Կորեայից և մեկնել այնտեղ:
«Մինա»-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, գործակալության գլխավոր գրասենյակը գտնվում է Հարավային Կորեայի մայրաքաղաքում, որտեղ աշխատում են նախկին ԽՍՀՄ-երկրների համերկրացիները: Նրանք երկար ժամանակ ամուսնացած են կորեացիների հետ: Բոլոր փեսացուները ներկայացնում են պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց անձը, առողջական վիճակը, աշխատանքի և բնակարանի առկայությունը, ընտանեկան վիճակն ու երեխաների առկայությունը: Գրասենյակի մենեջերները կապ են պահպանում ժամանող հարսնացուների հետ, և նույնիսկ այն զույգերի հետ, որոնք այնտեղ են ապրում ավելի քան 5 տարի: Ծանոթությունների և հանդիպումների երեկոները կազմակերպվում են ամսական երկու անգամից ոչ պակաս: Պետությունը բազմաթիվ արտոնություններ է տրամադրում օտարերկրացի աղջիկներին, որոնք ամուսնանում են կորեացիների հետ և ապրում են Կորեայում, օրինակ, վճարում են մանկապարտեզի վարձերը:
Epress.am-ը զրուցել է գործակալության տնօրեն 30-ամյա Տոմա Սողոմոնյանի հետ, ով մի քանի տարի առաջ հայաստանյան մեկ այլ ամուսանական գործակալության միջոցով ամուսնացել է հենց հարավկորեացի 39-ամյա Յանգ Հունգ Հույի հետ:
«Ես մի քանի տարի ապրել և ապրում եմ Հարավային Կորեայում և միայն գործի բերումով եմ գնում գալիս: Երբ ինձ առաջարկ եղավ ծանոթանալ հարավկորեացու հետ, ես մտածեցի՝ տեսնես ինչ տիպի մարդիկ են: Հետո, երբ քասթինգով նա ինձ ընտրեց, գնացինք զբոսնեցինք, և արդեն հաջորդ օրն ինձ ամուսնության առաջարկություն արեց: Ես Աստծուց շնորհակալ եմ, որովհետև ես երջանիկ եմ, իմ ամուսինը շատ լավն է, հարգանքով ծնողներիս հանդեպ, ոչ ծխում, ոչ էլ խմում է նրանց ներկայությամբ»,- պատմել է Տոման:
Նրա խոսքերով՝ գործակալությունն արդեն 5 տարի է՝ գործում է Հարավային Կորեայում, սակայն միայն վերջին երկու տարիների ընթացքում է համագործակցում Հայաստանի հետ. նախկինում ռուսաստանցի աղջիկներն էին ամուսնանում կորեացիների հետ:
«Երբ ամուսնուս եղբայրը եկավ Հայաստան, տեսավ, թե ինչ տնական են հայ աղջիկները, մտածում են ընտանիքի մասին, իսկ Կորեայում կանայք մտածում են կարիերայի մասին, ուշ են ամուսնանում: Ինչպես նաև, երբ ես մեկնեցի Կորեա, այնտեղ մարդկանց հետ ծանոթանալուց հետո հայ աղջիկների պահանջարկ եղավ: Եվ մենք որոշեցինք նախաձեռնել: Սկզբում մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում, ասում էին կորեացիք ինչ պիտի լինեն: Բայց ասեմ, որ շատ տնական տղամարդիկ են»,- պատմել է տնօրենը:
Գործակալությունը գործում է որոշակի տարիքային սահմանափակումներով՝ մինչև 38 տարեկան կանայք և աղջիկները կարող են դիմել, որի պատճառը, ըստ մեր զրուցակցի, երեխա ունենալու կարողությունն է:
«Երկու տարվա մեջ արդեն 6 ամուսնություն ենք ունեցել: Արել ենք իսկական հայկական հարսանիք: Կորեացիները, ասեմ, զարմացած են մնում, մեր տաշիից ու նվերներ տալու պահերից: Բայց ամեն օր 10-15 զանգ եմ ստանում, որոնց թվում լինում են նաև տղամարդիկ: Ես նրանց ասում եմ՝ առայժմ նման ծառայություն չունենք, բայց, էն որ ասում ա է, սպասեք ավելիին»,- իրենց գործունեությունն է ներկայացրել Սողոմոնյանը:
Նշենք, որ գործակալության ծառայությունները բոլորովին անվճար են: