Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հունիսին Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հայազգի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն արժանիորեն է հաղթանակ տարել:
«Թավջութակահարների համար Չայկովսկու անվան մրցույթն ամենանշանակալից մրցույթն է: Արդեն երկու-երեք կարևորագույն գործակալություն իր հետևից որսի են դուրս եկել:
Այս հաղթանակն իսկական գլուխ գովալու առիթ է, այսինքն՝ էնպես չի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընդամենը պարտվեց 2:1 հաշվով (Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով – Epress.am), գոնե մի հատ գոլ խփեցինք Ռուսաստանին: Նարեկը հաղթել ա բոլոր կետերով, այս հաղթանակը միլիոնից մեկին չի տրվում»,- ասել է Թոփչյանը:
Նրա խոսքով` Նարեկ Հախնազարյանը սովետական հին դպրոցի «շատ հաջող քանդման» արդյունք է:
«Մենք նոր դպրոց չենք հիմնել, ավելին` մենք խորհրդային հին դպրոցը շատ հաջող քանդել ենք և քանդում ենք, շուտով այն ուղղակի կավերվի ու էլ չի լինի: Իսկ նման հաջողություն մենք մոտակա 60 տարում էլ չենք ունենա: Ես պեսիմիստ չեմ, ես ռեալիստ եմ: Նարեկը չի կարող իր ծրագրերը թողնի, գա էստեղ, դաս տա, մանավանդ, որ այսօր որևէ երաժշտական դպրոց իր առջև խնդիր չի դրել երաժիշտ արտադրել: Ես գիտեմ, որ մեկ ուրիշը կգա կխոսի, կասի` մենք ունենք փայլուն դպրոցներ, ֆանտաստիկ երաժիշտներ, բայց ռեալությունը սա ա, մենք շատ երկար ժամանակ Նարեկ չենք ունենա: Ֆիլհարմոնիկ էլ մի 6 տարի հետո չենք ունենա, քանի որ կան երաժիշտներ, որոնք անփոխարինելի են, սակայն հիվանդության պատճառով 3 տարի հետո չեն կարողանա նվագել: Իսկ Կոնսերվատորիան անհույս է, այլևս վերականգնել հնարավոր չէ: Ես այս խնդիրների մասին ամեն տեղ ասել եմ, բայց արձագանք չկա»,- հայտարարել է դիրիժորը: