Երևանում հայտնաբերվել է ոգելից խմիչքի մի քանի արտադրամաս, որտեղ արտադրել և առանց ակցիզային դրոշմանիշի օղի, կոնյակ և գինի են իրացրել: Այս դեպքը բացահայտվել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները:
Պարզվել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի ոգելից խմիչք է արտադրվել և վաճառվել Արաբկիրում` Ադոնցի փողոցում գտնվող կազմակերպությունում` արտադրանքն իրացնելով արտադրամասի տարածքից: Նմանատիպ գործունեություն էին ծավալել նաև «Առաքել ալկո» ընկերությունը` Արցախի և «Զար ընդ Գար ալկո»-ն` Արշակունյաց փողոցներում: Վերջինիս ապօրինի արտադրանքը` չդրոշմավորված օղի, կոնյակ և գինի, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ, նաև` մայրաքաղաքի և Քասախ գյուղի բնակիչների մոտ, ովքեր հայտնել են, որ ապրանքը ձեռք են բերել հենց նշված ընկերությունից:
Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նաև հացաթխման ապօրինի արտադրամաս են հայտնաբերել: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալվել էր Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, որտեղ քաղաքացին լավաշ է թխել ավտոտնակում:
Ապօրինի ձեռնարկատիրության մյուս դեպքն էլ բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները` Աճառյան փողոցում: Այդտեղ արագ սնունդ է պատրաստվել և իրացվել` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: