Այսօր ժամը 20:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում:
Epress.am-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ Կոնգրեսի օգոստոսի 2-ի հանրահավաքը կարևոր նշանակություն ունի. Հայաստանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, ընդ որում այն ժամանակաշրջանում, որը սովորաբար համարվում է մեռյալ սեզոն:
«Մենք երբեք թույլ չտվեցինք, որ Հայաստանում այդ տրադիցիան ամրապնդվի, ամառվա` որպես մեռյալ սեզոնի: Մենք արդեն 7-րդ հանրահավաքն ենք անցկացնում ամառային թեժ շոգի ժամանակ», – ասել է Զուրաբյանը:
Կոնգրեսի համակարգողի խոսքով` թեև հասկանալի է, որ մարդկանց համար ամառվա այս աննախադեպ շոգի պայմաններում դժվար է հանրահավաքի գնալ, բայց նա կոչ է արել հասկանալ այն լուրջ պատասխանատվությունը, որն այսօր դրված է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա:
«Պետք է հասկանալ, որ ամենաառանցքային գործոնը, որն ապահովում է մեր բոլոր այս հաղթանակները, մեր շարժումը դեպի դեմոկրատիա, դա, առաջին հերթին, ժողովրդի մասնակցությունն է Շարժման հանրահավաքներին»,- ասել է Լևոն Զուրաբյանը: