Այսօր` Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքին ընդառաջ, մարզերից Երևան տանող երթուղայինները չեն աշխատում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, առավոտից Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ ահազանգեր են ստացվում մարզային շտաբերից և մարզերի բնակիչներից:
«Արթիկից Գոռ անունով մի երիտասարդ տեղեկացրել է, որ առավոտյան միջքաղաքային տրանսպորտը չի աշխատում: Գյումրիից Կոնգրեսի շտաբի ղեկավար Աշոտ Զաքարյանը հայտնել է, որ Գյումրիից էլ չի աշխատում տրանսպորտը, 10:30-ից սկսած` Արմավիրից նույնպես չեն գործում երթուղայինները, ինչի մասին ահազանգել է Կոնգրեսի՝ Արմավիրի շտաբի պետ Արմենակ Խաչատրյանը»,- Epress.am-ին հայտնել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:
Մենք տեղեկացանք նաև, որ Էջմիածին քաղաքից երթուղայինները առանց ուղևորների են Երևան մեկնում և միայն միակողմանի երթևեկություն են իրականացնում՝ մարդկանց Երևանից տանելով Էջմիածին:
Հիշեցնենք, որ ընդդիմության և իշխող կոալիցիայի պատվիրակության հուլիսի 26-ին կայացած հանդիպման ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրաձայնել են հանրահավաքի օրերին միջքաղաքային տրանսպորտի չաշխատելու փաստը: Իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը խնդրել էր բողոքների և խախտումների բոլոր դեպքերը ներկայացնել իր պատվիրակությանը` խոստանալով զբաղվել այդ խնդրով: