Օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ օգնական, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար տկն. Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ:
Արմեն Եդիգարյանը և Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը քննարկեցին հանրային դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության զարգացումը, որի նպատակն է առավել լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Հայաստանի ու Դաշինքի միջև համագործակցության վերաբերյալ և բարձրացնել հանրային իրազեկումը` Հայաստանի պաշտպանական և անվտանգության ոլորտների բարեփոխումներին աջակցելու, նաև ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններում հայ խաղաղապահների ծառայությունը լուսաբանելու նպատակով:
Նշվեց, որ այդ գործընթացին նպաստում են 2007 թվականից Հայաստանում մեկնարկած ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները և արդեն չորս տարի Երևանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:
ՀՀ առաքելության ղեկավարը հրավիրեց Գրաբար-Կիտարովիչին այս տարվա աշնանն այցելել Հայաստան` «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական տարեկան միջոցառմանը մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: