Օգոստոսի 2-ին կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի ամառային վերջին հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա ելույթի ընթացքում վատացել է հանրահավաքին ներկա կանանցից մեկի ինքնազգացողությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցրել է ելույթը, դադարի ընթացքում տիկնոջն անհրաժեշտ օգնություն են ցույց տվել, որից հետո ընդդիմության առաջնորդը շարունակել է իր խոսքը:
Իր ելույթի վերջին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը հրավիրվելու է սեպտեմբերի 9-ին:
Հանրահավաքից հետո քվերակության դրվեց մի հարց` Կոնգրեսի երեքամյակը նշել երթով կամ մնալ Ազատության հրապարակում և երգ ու պարով նշել ընդդիմության տոնը: Հավաքվածները ընտրեցին երկրորդ տարբերակը:
Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իջնելով հարթակից միացավ հրապարակի կենտրոնում պարող Կոնգրեսի երիտասարդներին:
Այնուհետև Փաշինյանը, հիշեցնելով 2008-ի հանրահավաքների ժամանակ բջջայինով պարերը, կոչ արեց բոլորին միացնել բջջային հեռախոսները և պարել դրանք միացրած, ինչն էլ իրականացվեց:
Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև վերջ մնաց Ազատության հրապարակում` հետևելով երիտասարդների երգ ու պարին: