Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը և Արաբկիրի թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ ոստիկանության ներկայացուցիչների հետ միասին ցանկացել են ապամոնտաժել Փափազյան փողոցում գտնվող կրպակները: Epress.am-ի թղթակիցը, ով ներկա է եղել թաղապետարանի ներկայացուցիչների այցելության պահին, նշում է, որ վերջիններիս գործողությունները մեծ դժգոհություն են առաջացրել կրպակատերերի շրջանում: Անտոնյանը բացատրել է առևտուր իրականացնողներին, որ տվյալ հատվածում վաճառք իրականացնելու թույլտվություն ունեն միայն չորս կրպակներ, իսկ մյուսները ենթակա են ապամոնտաժման:
Հավաքված առևտրականները, իրենց հերթին, մեծ աղմուկով փորձել են բացատրել թաղապետարանի աշխատողներին, որ իրենք թույլտվություն ունեն այդտեղ առևտուր իրականացնելու, և թույլտվության ժամկետը դեռ չի ավարտվել: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում առևտրականները նշել էին, որ իրենց պայմանագրերի ժամկետն ավարտվում է 2012 թվականին:
Անցյալ շաբաթ առևտրականները դիմում էին հանձնել Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց խոստացել էին հարցին լուծում տալ: Քաղաքապետարանը դեռևս չի ուղարկել առևտրականների պատասխանը, բայց Արաբկիրի թաղապետարանն արդեն անցել է կրպակները ապամոնտաժելու գործին:
Անտոնյանն իրենց բացատրություններից հետո էլ մնացել է անդրդվելի` պնդելով, որ կրպակների գոյությունն անօրինական է:
«Իրենք ասում են` մեզ հանձնարակական են տվել, մենք գնացել ենք քաղաքապետարան, այնտեղ ասում են՝ մենք հանձնարարական չենք տվել, մենք ընդամենը տվել ենք գույքագրում: Մենք չենք իմանում՝ ով ա խաբում, թաղապետարա՞նը, թե՞ քաղաքապետարանը: Ժողովրդին գնդակի նման չլում են դես ու դեն: Մեզ ստիպեցին վերանորոգել կրպակները, երկու-երեք անգամ նկարներ են ուզել, նկարներն ուղարկել ենք թաղապետարան ու նորից եկան, որ մեր պայմանագրերը նորացնեն, բերեն, խաբեցին հավաքեցին պայմանագրերը ու էլ չբերեցին: Մի ամիս հետո բերեցին որոշումը, որ յոթ օրվա ընթացքում պետք ա քանդվի: Գազոն են ուզում տեղը դնեն, մարդկանց հացի հաշվին իրենք գազոն են ուզում աճեցնեն»,- Epress.am-ի թղթակցին պատմել է Աննան:
Այնուամենայնիվ, երկար վեճից հետո Անտոնյանը համաձայնել է չիրականացնել ապամոնտաժումն այսօր, սակայն պայման է առաջադրել կրապակատերերին:
«Երեք օրից մենք գալու ենք, ապամոնտաժենք: Երեք օրվա մեջ, եթե եկավ ձեր պատասխանը, եթե թողեն մնա, կմնա, բայց ես չեմ կարծում, որ ասեն` անօրինական բանը մնա»,- ասել է Արաբկիրի թաղապետի տեղակալը:
Նշենք, որ թաղապետարանի ներկայացուցիչների հետ վիճելու ընթացքում առևտրականներին աջակցում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով փորձում էր պարզել թաղապետարանի որոշման հիմքերը: