Հայ Ազգային Կոնգրեսը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ պայմաններ և մթնոլորտ երկխոսության համար: Եթե ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջների կատարումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսևորում, ապա Հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացումը, ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման, տարաբնույթ խոչընդոտների հարուցման, մասնավորապես հանրային և այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը Սահմանադրության և օրենքներից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր ցանկացած օրինապաշտ իշխանության կողմից: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Անգամ ընթացող երկխոսության պայմաններում իշխող կոալիցիան շարունակում է դրսևորել արհամարհանք Հայաստանում գործող Սահմանդրության և օրենքների նկատմամբ, խախտում քաղաքացիների` ազատորեն տեղեկություններ տարածելու իրավունքը, խոչընդոտում մասնակցել հանրահավաքներին, ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքում: Դրա վկայությունն է Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանության հարձակումը հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդների վրա, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Դրա վկայությունն է նաև հանրահավաքի օրը Հայաստանի մարզերում տրանսպորտի միջոցների աշխատանքի համատարած կազմալուծումը, որի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ Հայաստանյան լրատվական միջոցներում և որոնց մասին մեր կառույցների միջոցով հավաքված տվյալները նույնպես այսօր փոխանցում ենք իշխանության պատվիրակությանը», – ասված է հայտարարության մեջ:
Ըստ ՀԱԿ-ի` իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ Կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով և ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման և քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել անգամ ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահամանադրության և օրենքների պահանջներից:
«Հարց է ծագում. եթե բանակցությունների սեղանին նստած իշխանական կոալիցիան ի վիճակի չէ ապահովել օրենքի տարրական պահանջների կատարումը երկխոսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և գոնե նման փոքր հարցերում ընդդիմությանը և հասարակությանն ընդառաջ գնալու նպատակով, ինչպես՞ կարելի է ակնկալել, որ նման իշխանության հետ հնարավոր է համաձայնության գալ երկրում բախտորոշ համակարգային փոփոխություններ կատարելու շուրջ, որոնք իշխանություններից շատ ավելի մեծ համարձակություն և ճկունություն են պահանջելու», – նշում են հայտարարության հեղինակները:
«Կոալիցիայի նման պահվածքը ծանր հարված է հասցնում իշխանությունների վստահելիությանը, լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու և կատարելու Կոալիցիայի կարողությանը, թունավորում երկխոսության շուրջ մթնոլորտը:
Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը պահանջում է Կոալիցիայի պատվիրակությունից անմիջապես ձեռնարկել քայլեր, որոնց հետևանքով կպատժվեն վերոհիշյալ ապօրինությունների համար մեղավորները, կվերականգնվի վստահությունը երկխոսության գործընթացի վերաբերյալ և կդրվեն հիմքեր դրա արդյունավետության համար», – ասված է հայտարարության մեջ: